Print

Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի մասին

Հարց - Ի՞նչ ժամկետներում և ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել քաղծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցվելու համար:
Պատասխան - Քաղծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցման ենթակա անձը այդ հիմքի ի հայտ գալու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմի Խորհուրդ` ներկայացնելով գրավոր դիմում, անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, ինչպես նաև լրացնի անձնական թերթիկ /դիմումը և անձնական թերթիկը լրացվում են Խորհրդի կողմից մշակված ձևերին համապատասխան/:

Հարց - Դիմում և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելուց հետո ի՞նչ ժամկետում է անձը/քաղծառայողը, գրանցվում քաղծառայության կադրերի երկարաժամկետ /կարճաժամկետ/ ռեզերվում:
Պատասխան - Դիմումը և համապատասխան փաստաթղթերը /անձնական գործը/ ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում Խորհուրդը կայացնում է որոշում քաղծառայության կադրերի երկարաժամկետ /կարճաժամկետ/ ռեզերվում գրանցելու մասին:

Հարց - Գրանցման ի՞նչ ժամանակաշրջան է սահմանված քաղծառայության կադրերի կարճաժամկետ և երկարաժամկետ ռեզերվների համար:
Պատասխան - Քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, իսկ կադրերի երկարաժամկետ ռեզերվում` մեկ տարի, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

Հարց - Ի՞նչ կարգով և ժամկետներում կարող է քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանված անձը գրանցվել կադրերի երկարաժամկետ ռեզերվում:
Պատասխան - Նշված անձը քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում միանգամյա առավելագույն ժամկետը լրանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Խորհուրդ` ներկայացնելով անձնագրի, կրթությունը հավաստող փաստաթղթի, աշխատանքային գրքույկի պատճենները, երկու գունավոր լուսանկար, ինչպես նաև` լրացնում անձնական թերթիկ:

Հարց - Ի՞նչ կարգով են քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղծառայողներն ստանում վարձատրություն:
Պատասխան - Քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցման ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար uահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, uակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը: Ամսական դրամական փոխանցումը կատարվում է ՀՀ ՔԾԽ կողմից քաղծառայողի նախկին բանկային հաշվին:

Հարց - Կադրերի ռեզերվում գրանցված անձը գրանցման հիմքերի առկայության դեպքում կարո՞ղ է արդյոք դիմել կադրերի ռեզերվում նոր գրանցման համար:
Պատասխան - Քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը, այդ ժամանակահատվածում ռեզերվում գրանցվելու համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով գրանցվել քաղծառայութան կադրերի ռեզերվում` ստալանով նոր գրանցման թերթիկ: