Print

Ստաժի եւ այլնի մասին

Հարց-«Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ արդյոք ներառվո՞ւմ է որպես ջոկի հրամանատար՝ «սերժանտ կամ կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը, թե՞ ոչ:
Պատասխան - Խորհրդի կողմից «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մասին տրված պարզաբանման համաձայն՝ «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաև մինչև 1991 թվականն ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ, իսկ դրանից հետո՝ ՀՀ զինված ուժերի սպայական կազմում ժամկետային զինվորական ծառայություն անցնելու ժամանակահատվածը: Բացի այդ, «պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ» հասկացության մեջ ներառվում է նաև «ավագ» զինվորական կոչումով դասակի հրամանատարի ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը: Ուստի՝ որպես ջոկի հրամանատար՝ «սերժանտ, կրտսեր սերժանտ» զինվորական կոչումով զինվորական ծառայության ժամանակահատվածը չի կարող համարվել պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ:

Հարց-Արդյոք տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարո՞ղ է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ, թե՞ ոչ:
Պատասխան - Մասնագիտական աշխատանքային ստաժը` ստացած բարձրագույն կրթության, իսկ տվյալ պաշտոնի անձնագրով բարձրագույն մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը համապատասխանող աշխատանքային ստաժն է, անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակաշրջանը: Ուստի` տնտեսագետի որակավորմամբ հաշվետար աշխատելու ժամանակահատվածը կարող է համարվել մասնագիտական աշխատանքային ստաժ:

Հարց-Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին տվյալ պաշտոնում նշանակելու համար ընտրության չափորոշիչներ սահմանվա՞ծ են, թե՞ ոչ:
Պատասխան - Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին տվյալ պաշտոնում նշանակելու համար ընտրության չափորոշիչներ սահմանված չեն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին համապատասխան պաշտոնում նշանակում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

Հարց-Կարո՞ղ է արդյոք քաղաքացիական ծառայողը 63 տարին լրանալու և 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալ և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել:
Պատասխան - «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ 63 տարին լրանալու և 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը տարիքային կենսաթոշակի իրավունք ունի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարող է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել՝ մինչև 65 տարին լրանալը: