Print

Կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրման մասին

Հարց - Ի՞նչ հաճախականությամբ և որտե՞ղ են անցկացվում կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորումները:
Պատասխան - Կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորումներն անցկացվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մասնաշենքում (Տերյան 89):

Հարց - Ե՞րբ է հայտարարվում թեստավորման անցկացման մասին:
Պատասխան - Հայտարարությունը հրապարակվում է թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:

Հարց - Թեստավորմանը մասնակցելու համար պետական տուրք գանձվու՞մ է:
Պատասխան - Այո, թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին կատարել պետական տուրքի վճարումը, որը կազմում է հինգ հազար դրամ և վճարման անդորրագիրը պատճենի հետ միասին ներկայացնել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ` թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ մնացած փաստաթղթերի հետ միասին: Հաշվեհամարի տվյալները կարող եք ձեռք բերել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքից` www.cscouncil.am:

Հարց - Ո՞ր բանկերում կարող ենք վճարել թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարը:
Պատասխան - Վճարումը կարող եք կատարել ՀՀ ցանկացած առևտրային բանկում:Կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրման մասին

Հարց - Ի՞նչ ժամկետներում են ներկայացվում փաստաթղթերը թեստավորմանը մասնակցելու համար:
Պատասխան - Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվում է թեստավորումն անցկացնելու մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրը (բացառությամբ ոչ աշխատանքային օրերի):

Հարց - Ո՞ր ժամերին են ընդունվում դիմումները:
Պատասխան - Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր, առնվազն երեք ժամ (14.15-ից մինչև 17.15-ը):

Հարց - Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում հավաստագրման թեստավորմանը մասնակցելու համար:
Պատասխան - Թեստավորմանը մասնակցելու համար քաղաքացիները Խորհրդի աշխատակազմ են ներկայացնում` 1) Գրավոր դիմում (դիմումի ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից կամ Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքից), 2) հայտարարություն անձնական տվյալների վերաբերյալ (հայտարարության ձևը կարելի է վերցնել Խորհրդի աշխատակազմից կամ Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքից), 3) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի, 4) թեստավորմանը մասնակցելու համար Խորհրդի կողմից սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը, 5) անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

Հարց - Կարո՞ղ եմ արդյոք էլեկտրոնային ձևով ներկայացնել փաստաթղթերը:
Պատասխան - փաստաթղթերը կարելի է ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով: (Տես` www.cscouncil.am և www.csc.am կայքերի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը):

Հարց - Քանի՞ ժամ է ընթանում թեստավորումը:
Պատասխան - Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է մեկ ժամ 30 րոպե (90 րոպե):

Հարց - Ո՞ր բնագավառներն են ներառում թեստերը, տրամադրվու՞մ են դրանք արդյո՞ք դիմորդներին և ո՞վ է կազմում թեստերը:
Պատասխան - Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորումը սկսելը՝ համակարգչում զետեղված հարցաշարերից ընտրված հարցերից (50 հարց)` մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն.
2) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք.
3) հայերենի իմացություն.
4) Հայաստանի, նրա պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, hամաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացություն.
5) համակարգչային հմտությունների տեսական իմացություն:

Հարց - Հրապարակվում են արդյո՞ք թեստավորման համար նախատեսված հարցաշարերը:
Պատասխան - Թեստավորման համար նախատեսված հարցաշարերը չեն հրապարակվում:

Հարց - Ի՞նչ ժամկետում և ի՞նչ կարգով է Խորհուրդը տրամադրում քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրը:
Պատասխան - Թեստավորումը հաղթահարած քաղաքացիները, թեստավորման ավարտից հետո (ելնելով թեստավորման մասնակիցների թվից՝ թեստավորումը կարող է անցկացվել մեկ կամ մի քանի խմբով տարբեր օրերի և (կամ) ժամերի) հինգերորդ աշխատանքային օրվանից սկսած, Խորհրդի աշխատակազմից անձամբ ստանում են Հավաստագիր` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Հարց - Ի՞նչպես կարելի է վերականգնել քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիրը կորստի դեպքում:
Պատասխան - Հավաստագրի կորստի դեպքում տրվում է Հավաստագրի կրկնօրինակ:

Հարց - Հավաստագիր ունեցող քաղաքացին կարո՞ղ է արդյոք մասնակցել նոր թեստավորման և ի՞նչ ընթացակարգով:
Պատասխան - Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է մասնակցել նոր թեստավորմանը, եթե լրացել է նրա Հավաստագրի գործողության ժամկետի երեք քառորդը: Թեստավորմանը նա մասնակցում է ընդհանուր հիմունքներով:

Հարց - Հավաստագիր ունեցող անձը կարո՞ղ է արդյոք դիմում ներկայացնել քաղաքացիական ծառայության գլխավոր և առաջատար մասնագետների ժամանակավոր թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
Պատասխան - Չի կարող: Հավաստագիր ունեցող քաղաքացին կարող է դիմել միայն կրտսեր պաշտոնների դեպքում:

Հարց - Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելուց հրաժարվելը կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետներում չնեկայանալը ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Հավաստագիր ունեցող քաղաքացու համար:
Պատասխան - Համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված հավաստագիր ունեցող քաղաքացին այդ մասին տեղեկությունները Խորհուրդ ներկայացնելուց հետո երեք ամիս ժամկետով չի օգտվում կարգով սահմանված նախապատվության իրավունքից: Միաժամանակ կարող է շարունակել ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման համար ներկայացնել դիմումներ:

Հարց - Հավաստագիր ունեցող անձը կարո՞ղ է զբաղեցնել քաղաքացիական ծառայության գլխավոր կամ առաջատար խմբում ընդգրկված ժամանակավոր թափուր պաշտոն:
Պատասխան - Չի կարող: Հավաստագիր ունեցող անձը կարող է զբաղեցնել միայն քաղաքացիական ծառայության կրտսեր խմբում ընդգրկված ժամանակավոր թափուր պաշտոն:

Հարց - Ի՞նչպես կարելի է տեղեկանալ կրտսեր թափուր պաշտոն առաջանալու մասին և ի՞նչպես զբաղեցնել քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն:
Պատասխան - Համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշ¬տոն առաջանալու դեպքում համապատասխան մարմինն առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակում է հայտարարություն: Համապատասխան մարմինը Խորհրդի աշխատակազմի միջոցով հայտարարությունը հրապարակում է նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:
Գործող Հավաստագիր ունեցող քաղաքացիները հայտարարության հրապարակման հաջորդ օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տվյալ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմում են ներկայացնում տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարին:

Հարց - Ե՞րբ և ի՞նչպես է նշանակում կատարվում քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում:
Պատասխան - Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարության սահմանված ժամկետի ավարտից հետո քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի, երեք աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի ղեկավարը նշանակում է դիմում ներկայացրած և գործող Հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները:

Հարց - Կարելի՞ է արդյոք զբաղեցնել քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն առանց հավաստագիր ունենալու :
Պատասխան - Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց հավաստագրի նշանակում կարող է կատարվել միայն «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ Օրենքի 12.2-րդ հոդվածով և 29-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում: