Print

Ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման մասին

Հարց - Ի՞նչ ժամկետում և ինչպե՞ս է ՀՀ ՔԾԽ-ն հրապարակում հայտարարություն ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ:
Պատասխան- Քաղծառայության ժամանակավոր թափուր պաշոտնների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ստանալուց առնվազն 10-օրյա ժամկետում Խորհուրդը հրապարակում է հայտարարություն՝ կադրերի կարճաժամկետ /երկարաժամկետ/ ռեզերվում գրանցված քաղծառայողների /անձանց/ կողմից ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով: Հայտարարությունը հրապարակվում է ՀՀ ՔԾԽ աշխատակազմում, տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաև տեղադրվում է ՀՀ ՔԾԽ պաշտոնական կայքում:

Հարց - Գրանցվելուց հետո որո՞նք են ռեզերվում գրանցված անձի /քաղծառայողի / հետագա քայլերը ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Պատասխան - Քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցվելուց հետո անձին /քաղծառայողին/ 5-օրյա ժամկետում տրամադրվում է գրանցման թերթիկ: Գրանցված անձը յուրաքանչյուր շաբաթ կարող է ծանոթանալ ժամանակավոր թափուր պաշտոնների հայտարարություններին` ուշադրություն դարձնելով ժամանակավոր թափուր պաշտոնների համար առաջադրված պահանջներին, ժամկետներին և դիմումների ներկայացման վերջնաժամկետներին:

Հարց - Ի՞նչ կարգով /ժամկետներում/ է կադրերի ռեզերվում գրանցված անձը դիմում ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Պատասխան - Հայտարարությունը հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղծառայության կադրերի ռեզերվում գրանված անձը դիմում է ներկայացնում /դիմումի ձևը տրվում է/ ժամանակավոր թափուր պաշտոնը /պաշտոնները/ զբաղեցնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Հարց - Միաժամանակ քանի՞ ժամանակավոր թափուր պաշտոնի համար կարող է դիմել քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը:
Պատասխան - Քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձի համար դիմումներ ներկայացնելու համար սահմանափակումներ նախատեսված չեն. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն ժամանակավոր թափուր պաշտոնների համար, որոնց պահանջները նա բավարարում է:

Հարց - Քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը քաղծառայության ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:
Պատասխան - Քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայությանայն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները /կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում/ բավարարում է` անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:

 

Հարց – Ի՞նչ ընթացակարգով է կատարվում ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներից թեկնածուի ընտրությունը:
Պատասխան – Դիմումներ ներկայացրած քաղաքացիներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, կրտսեր պաշտոնների համար` քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձին, վերջիններիս բացակայության դեպքում նախապատվությունը տրվում է պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձին: Ընտրությունը կատարվում է ըստ կարգով սահմանված նախապատվությունների: Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմումատուն (դիմումատուները) չի (չեն) բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները, ապա Խորհուրդն այդ մասին տեղեկացնում է համապատասխան մարմնին:

 

Հարց – Ի՞նչ ժամկետում և ի՞նչ կարգով է Խորհուրդը համապատասխան մարմնին տեղեկացնում ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի մասին:
Պատասխան – Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը Խորհուրդը համապատասխան մարմնին ուղարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում` այդ մասին համա պատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում՝ տեսանելի ցուցանակի վրա:

Հարց – Ընտրված թեկնածուն ո՞ւմ կողմից, ի՞նչ ժամկետում և ինչպե՞ս է տեղեկացվում ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրվելու վերաբերյալ:
 
Պատասխան – Ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար ընտրված թեկնածուի վերաբերյալ տեղեկությունը Խորհրդից ստանալու օրը համապատասխան մարմինը համապատասխան տեղեկություն է հրապարակում տեսանելի ցուցանակի վրա և ընտրված թեկնածուին տեղեկացնում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու համար եռօրյա ժամկետում համապատասխան մարմնի աշխատակազմ ներկայանալու անհրաժեշտության մասին:

 

Հարց - Ի՞նչ կարգով և ժամկետներում է ժամանակավոր թափուր պաշտոններում ընտրված թեկնածուի հետ կնքվում ժամկետային աշխատանքային պայմանագիր:
Պատասխան - Ընտրված թեկնածուների վերաբերյալ տեղեկությունները ստանալուց հետո եռօրյա ժամկետում, ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքում երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը եռօրյա ժամկետում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:

Հարց - Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելուց հրաժարվելը կամ համապատասխան մարմին սահմանված ժամկետներում չնեկայանալն ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել անձի համար:
Պատասխան - Համապատասխան մարմին չներկայացած կամ ժամանակավոր թափուր պաշտոնը պայմանագրով զբաղեցնելուց հրաժարված անձինք այդ մասին տեղեկությունները Խորհուրդ ներկայացվելուց հետո երեք ամիս ժամկետով չեն օգտվում կարգով կետերով սահմանված նախապատվության իրավունքից:

Հարց - Ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման պահից ի՞նչ ժամկետում և կարգով է անձը /քաղծառայողը/ հանվում քաղծառայության կադրերի ռեզերվից:
Պատասխան - Ժամկետային աշխատանքային պայմանագիրը/հրամանը/ Խորհուրդ մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Խորհուրդը կայացնում է որոշում` կադրերի կարճաժամկետ ռեզերվից կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվից հանելու մասին:

Հարց - Ի՞նչ կարգով կարող է քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը ստանալ աշխատանքային գրքույկը` այլ վճարովի աշխատանքի անցնելու դեպքում:
Պատասխան - Քաղծառայութան կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձը պետք է Խորհուրդ ներկայացնի գրավոր դիմում` իրեն կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու վերաբերյալ: Խորհուրդը հինգ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում` քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին, որից հետո աշխատանքային գրքույկը տրվում է քաղաքացուն:

Հարց - Համարվո՞ւմ է արդյոք կադրերի ռեզերվից ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայության ստաժ:
Պատասխան - Նշված ժամանակահատվածը համարվում է քաղաքացիական ծառայության, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի ստաժ:

Հարց - Ո՞ր դեպքերում է հնարավոր կադրերի ռեզերվից ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում արտամրցութային նշանակումը:
Պատասխան - Տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) հայեցողությամբ և Խորհրդի համաձայնությամբ քաղծառայության պաշտոնը կարող է արտամրցութային կարգով զբաղեցնել քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից տվյալ պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձը` մինչև քաղծառայության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը:

Հարց - Կարո՞ղ են արդյոք ժամկետային աշխատանքային պայմանագրով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք գործուղվել:
Պատասխան - Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող Օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով գործուղվել: