Print

«Կանայք և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագրի մեկնարկը և վերապատրաստողների վերապատրաստումը Հայաստանում

logo blue aywa WIFI APCICT
                         

«Կանայք և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագրի մեկնարկը և վերապատրաստողների վերապատրաստումը Հայաստանում  

 

Ամսաթիվ՝ 26-29 սեպտեմբերի 2017 թ.

Անցկացման վայր՝ ՀՀ ՊԿԱ և ԵՊՀ

 

Կազմակերպիչներ՝

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ՄԱԿ Ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի (APCICT/ESCAP) և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ

 

Նախապատմությունը

Կանանց ձեռներեցությունը շարժիչ ուժ է սոցիալական դրական փոփոխությունների համար: Կին ձեռներեցների հաջողությունները ունենում են շղթայական ազդեցություն՝ հանգեցնելով, օրինակ, տնային տնտեսությունների կուտակումների ավելացմանը, երեխաների առողջապահության և կրթության ոլորտներում ներդրումների խթանմանը, աշխատատեղերի ստեղծմանը և ՀՆԱ-ի զգալի մեծացմանը:
Չնայած որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը փակել է առողջապահության և կրթության ոլորտում առկա որոշ գենդերային բացեր՝ կանայք մինչ այժմ ունեն համեմատաբար քիչ տնտեսական հնարավորություններ աշխատանքային շուկա մտնելու սահմանափակ հնարավորության, համեմատաբար ցածր աշխատավարձերի, չվարձատրվող տնային աշխատանքի բեռի, վտանգավոր մասնագիտությունների տեսանկյունից խոցելիության կամ ֆինանսների և վարկերի պակաս հասանելիության պատճառով: Կին ձեռնարկատերերը շարունակում են դժվարությունների հանդիպել նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման կարողությունների պակասի և դրանց դժվար հասանելիության պատճառով:
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) սոցիալ-տնտեսական զարգացմանը, մասնակցությանը և կարողությունների զարգացմանը նպաստող գործոններ են: Կայուն զարգացման 2030 թվականի միջոցառումների ծրագիրը/օրակարգը ՏՀՏ-ն համարում է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և դրանց թիրախների իրականացմանն ուղղված ջանքերին օժանդակող արժեքավոր գործիք: ԿԶՆ 5-ը (հասնել գենդերային հավասարության և զարգացնել բոլոր կանանց և աղջիկների կարողությունները/ընդլայնել հնարավորությունները) սահմանում է թիրախներ, որոնք անդրադառնում են գենդերային անհավասարությանը և կանանց դեմ բռնությանը նպաստող գործոններին, և որոնք ապահովում են կանանց ամբողջական և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին: Այն ունի նաև հատուկ թիրախ՝ «մեծացնել հնարավորություններն ընդլայնող տեխնոլոգիաների, այդ թվում՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը կանանց համար նոր հնարավորությունների ստեղծումը խթանելու համար» (ԿԶՆ 5, թիրախ 5.բ):
Հենց այս համատեքստում էլ Ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի տարածաշրջանային ինստիտուտը, գործարկեց «ՏՀՏ-ն կանանց համար» (WIFI) ծրագիրը: Այն նպատակ ունի խթանելու կանանց ձեռներեցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՏՀՏ կարողությունների զարգացման միջոցով: Այն կաջակցի կանանց տնտեսապես արդյունավետ դառնալու հարցում ՏՀՏ ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ ձեռներեցություն իրականացնելու միջոցով:
Հայաստանի ձեռներեցների և քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և Միացյալ ազգերի կազմակերպության Ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնը 2017 թվականի սեպտեմբերի 26-29-ին Երևանում համատեղ կազմակերպում են «Կանայք և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագրի մեկնարկը և ծրագրի հիման վրա վերապատրաստողների վերապատրաստումը Հայաստանում:

Նպատակները

WIFI-ի մեկնարկը և վերապատրաստումները կազմակերպվում են հետևյալ առանցքային նպատակների իրականացման համար.
  • Ներկայացնել WIFI ծրագիրը և կին ձեռներեցների համար ՏՀՏ կարողությունների զարգացման կարևորությունն առանցքային շահառուներին՝ պետական պաշտոնյաներին, վերապատրաստող հաստատություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, կին ձեռներեցների ասոցիացիաներին,
  • Խորացնել կանանց ձեռներեցության և ՏՀՏ կարողությունների զարգացման կարևորության գիտակցումը,
  • Մեծացնել շահառուների ընդգրկվածությունը որոշումների կայացման գործընթացին, ընդլայնել WIFI-ի ազգային տեղացի գործընկերների մասնակցությունը և ներգրավվածությունը կազմակերպվող միջոցառումներին,
  • Ավելացնել տեղացի այն կադրերի թիվը, որոնք կարող են կին ձեռներեցներին և քաղաքականություն մշակողներին ներկայացնել WIFI մոդուլները,
  • Իրականացնել համայնքային մակարդակով վերապատրաստում՝ նախատեսված ձեռներեց կամ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող կանանց համար:

Միջոցառումները

Ծրագիրը բաղկացած է հետևյալ միջոցառումներից.
  • Սեպտեմբերի 26-28 (երեքշաբթիից հինգշաբթի)՝ WIFI ծրագրի «Կին ձեռներեցների համար բարենպաստ քաղաքական միջավայրի ձևավորում» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման աշխատաժողովի կազմակերպում (քաղաքականություն մշակողների համար),
  • Սեպտեմբերի 26-28 (երեքշաբթիից հինգշաբթի)՝ WIFI ծրագրի «ՏՀՏ-ն կին ձեռներեցների համար» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման դասընթացի կազմակերպում (կին ձեռներեցների համար),
  • Սեպտեմբերի 29 (ուրբաթ)՝ WIFI ծրագրի ազգային մեկնարկ,
  • Սեպտեմբերի 29 (ուրբաթ)՝ WIFI ծրագրի շահառուների խմբակային հանդիպում:

Մասնակիցները

Ազգային մեկնարկին կմասնակցեն.
  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ներկայացնող պաշտոնյաներ,
  • Համապատասխան նախարարությունների, գիտական և վերապատրաստող հաստատությունների ներկայացուցիչներ,
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և կին ձեռներեցների ասոցիացիաների ներկայացուցիչներ,
  • Շահառուների, ներառյալ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ:
Վերապատրաստողների վերապատրաստման դասընթացին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչները:
  • Քաղաքականություն մշակողների համար նախատեսված միջոցառմանը կմասնակցեն պոտենցիալ վերապատրաստողները՝ պետական պաշտոնյաները և տարբեր պետական մարմինների քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների վերապատրաստում իրականացնող վերապատրաստող կազմակերպությունների ներակայացուցիչները,
  • Կին ձեռներեցների համար նախատեսված միջոցառմանը կմասնակցեն պոտենցիալ վերապատրաստողները՝ տարբեր պետական մարմինների, վերապատրաստող հաստատությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Համայնքային մակարդակով կազմակերպվող աշխատաժողովին կմասնակցեն կին ձեռներեցներ կամ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող կանայք Հայաստանից:

WIFI վերապատրաստման ծրագրի մասին

WIFI ծրագիրը ներառում է «ՏՀՏ-ն կանանց ձեռներեցության համար» թեմայով բազմակողմանի և համապարփակ վերապատրաստման ծրագիր, որը բաժանված է երկու խմբի՝ նախատեսված կին ձեռներեցների համար և նախատեսված քաղաքականություն մշակողների համար: Այն պարունակում է ինչպես երկու խմբերի համար էլ կիրառելի մոդուլներ, այնպես էլ մասնագիտացված մոդուլներ՝ նախատեսված խմբերից մեկի համար: Վերապատրաստման մոդուլներն են.
Մոդուլ քաղաքականություն մշակողների համար
  • Կառավարությունը, ՏՀՏ-ն և կանանց ձեռներեցությունը: Մոդուլի նպատակն է քաղաքականություն մշակողներին տեղեկացնել կանանց հնարավորությունների ընդլայնման և ձեռներեցության մասին և այն դրական դերի մասին, որ ՏՀՏ-ն խաղում է դրանց խթանման գործում: Այն նպատակ ունի նաև զարգացնելու քաղաքականություն մշակողների՝ գենդերային հարցերին առնչվող քաղաքականության մշակման գիտելիքները՝ կին ձեռներեցներին և նրանց կողմից ՏՀՏ օգտագործմանն աջակցելու համար:
Կենտրոնական մոդուլներ
  • Կանանց հնարավորությունների ընդլայնում, ԿԶՆ-եր և ՏՀՏ: Այս մոդուլը ներկայացնում է կանանց հնարավորությունների ընդլայնման առանցքային հայեցակարգերը, դրանց առնչվող կայուն զարգացման նպատակները և դրանց իրականացման ճանապարհին առկա խոչընդոտները և դրանց իրականացմանը նպաստող գործոնները: Մոդուլը անդրադառնում է կանանց հնարավորությունների ընդլայնման նպատակով ՏՀՏ օգտագործման հնարավորություններին և մարտահրավերներին:
  • ՏՀՏ-ն՝ որպես կին ձեռներեցների հնարավորություների ընդլայնման գործոն: Այս մոդուլում քննարկվում են ձեռներեցության առանցքային հայեցակարգերը և ներկայացվում է, թե ինչպես է ձեռներեցությունը նպաստում կանանց հնարավորությունների ընդլայնմանը: Այն քննարկում է կին ձեռներեցների ընդհանուր կարգավիճակը և բացահայտում է կին ձեռներեցների ճանապարհին հանդիպող խոչընդոտները և նրանց գործունեությանը նպաստող գործոնները, ինչպես նաև ՏՀՏ դերը կանանց ձեռներեցությանն աջակցելու գործում:
Մոդուլներ կին ձեռներեցների համար
  • Բիզնեսի պլանավորում ՏՀՏ օգտագործման միջոցով: Այս մոդուլի նպատակն է կին ձեռներեցներին և ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող կանանց ծանոթացնել բիզնես պլանավորման հիմունքներին և ցույց տալ, թե ինչպես կարող է ՏՀՏ-ն նպաստել դրան: Այն պարունակում է նաև գործնական առաջադրանքներ կանանց համար՝ ուղղված իրենց բիզնես գործունեությունում ՏՀՏ-ն և մյուս գործիքները կիրառելուն:   
  • Բիզնեսի կառավարում ՏՀՏ օգտագործման միջոցով: Սա «Բիզնեսի պլանավորում ՏՀՏ օգտագործման միջոցով» մոդուլը լրացնող մոդուլ է, որը կին ձեռներեցներին և ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող կանանց ներկայացնում է բիզնես սկսելու և կառավարելու սկզբունքները և ՏՀՏ-ի աջակցող դերն այդ գործընթացում: Պրակտիկ օրինակները և առաջադրանքներն ուղղված են ՏՀՏ-ն  և այլ գործիքները բիզնեսի կառավարման ոլորտում օգտագործելու հարցում լսարանին օգնելուն:

Մոդուլներ

Module C1 Russian (1.288 kb)
Module C2 Russian (559 kb)
Module P Russian (1.095 kb)
Module W1 Russian (3.178 kb)
Module W2 Russian (568 kb)
Module Arm (1.44 Mb)



Օրակարգ


Բրոշյուր


Տեսահաշվետվություններ


Մամուլի հաղորդագրություն


Լուսանկարներ