Print

ՔԾԽ նախագահի այցն Աստանա

Հունիսի 7-9-ը ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը պաշտոնական այցով գտնվում էր Ղազախստանում՝ Աստանայում քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբի կողմից կազմակերպված ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով։ Քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբն այս տարի նշում է իր գործունեության 5-ամյակը։
«Հանրային ծառայության կատարելագործումը կայուն զարգացման նպատակների համատեքստում» թեմայով այս տարվա համաժողովը բաղկացած էր մի շարք միջոցառումներից՝ միտված Հաբի մասնակից և գործընկեր երկրների միջև, տարբեր կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչների, ինչպես նաև Հաբի փորձագիտական ցանցի ներկայացուցիչների և հանրային ծառայության նորարարությանն ուղղված «Հարավ-Հարավ» համագործակցության անդամների միջև գիտելիքների փոխանակման ինտերակտիվ հարթակ ստեղծելուն: Այս համաժողովի շրջանակում կայացավ նաև Էլեկտրոնային կառավարման գործընկերային (P2P) ուսուցման հարթակի աշխատանքների մեկնարկը:
ՔԾԽ նախագահն իր ելույթում անդրադարձավ Հաբի կարևոր առաքելությանն ու դերակատարությանը՝ նշելով, որ այն արդյունավետ հարթակ է քաղաքացիական ծառայության զարգացմանը միտված տարաբնույթ միջոցառումների կազմակերպման, պետական ծառայության ոլորտում փորձի և գիտելիքի փոխանակման առումով:

Հիշեցնենք, որ Ղազախստանի կառավարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունը հանդիսացող Հաբը, որի հիմնադիր անդամն ու ակտիվ մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, դարձել է քաղաքացիական ծառայության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման պահանջարկ վայելող միջազգային կենտրոն աշխարհի 40 անդամ երկրների ու ավելի քան 35 ինստիտուցիոնալ գործընկերների շրջանում արդյունավետ համագործակցության ձևավորման, տեղեկատվության փոխանակման, կարողությունների զարգացման և իրականացրած ուսումնասիրությունների միջոցով։