Print

ՀՀ ՔԾԽ նախագահի այցն Աստանա


Մարտի 16-ին ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը պաշտոնական այցով գտնվում էր Ղազախստանում՝ Աստանայում քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբի շրջանակներում կազմակերպված «Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգը․ տարածաշրջանի երկրների փորձը» թեմայով միջազգային աշխատաժողովին մասնակցելու նպատակով։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է պետական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման տարածաշրջանային երկրների փորձը, ինչպես նաև քննարկվել ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության վարձատրության համակարգի անցկացված օրենսդրական բարեփոխումները, վարձատրության համակարգի սկզբունքներն ու առանձնահատկությունները։ Խորհրդի նախագահն այս համատեքստում առանձնացրել է քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման հիմնական մարտահրավերները, անհրաժեշտ քայլերը և միջոցառումները, որոնք կարող են բարձրացնել համակարգի գրավչությունը՝ առավել բանիմաց ու փորձառու մասնագետների ներգրավման համար։
Միջոցառման բանախոսներն ընդգծել են քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի կատարելագործման կարևորությունը, հնարավոր ռիսկերի և խնդիրների վերհանումը՝ համակարգի արդարության և թափանցիկության ապահովման համար։
Աշխատաժողովին մասնակցել են Ղազախստանի կենտրոնական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, պետական կառավարման ոլորտի փորձագետներ, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանների քաղաքացիական ծառայության մարմինների ներկայացուցիչները։
Նշենք, որ Աստանայում քաղաքացիական ծառայության տարածաշրջանային հաբն այս տարի նշում է իր գործունեության 5-ամյակը։ Հաբի առաքելությունն է պետական ծառայության ոլորտում փորձի և գիտելիքների փոխանակման հարթակի ձևավորումը։