Print

Մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացմանը միտված աշխատաժողով PADOS ծրագրի շրջանակներում


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՀՀ ֆինանսների նախարարության և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) համատեղ ջանքերով PADOS II ծրագրի շրջանակներում 2018 թվականի մարտի 7-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացավ «Մարդկային ռեսուրսների կառավարման կարողությունների զարգացում. ֆիննական փորձ» թեմայով աշխատաժողով:
Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմինների անձնակազմի կառավարման համար պատասխանատու ավելի քան հիսուն մասնագետներ:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումների դերը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը մեծ նշանակություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարմանը:
«Ֆինանսների նախարարությունում մենք նպատակ ունենք զարգացնել երկու կարևորագույն ուղղություն` մարդկային ռեսուրսների կառավարումը և թվային տեխնոլոգիաների ներդրումը: Աշխատաժողովը լավ հնարավորություն է ընձեռում համեմատականներ և զուգահեռներ անցկացնել մեր և աշխարհում եղած փորձի միջև», - ասել է նախարար Արամյանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշել է, որ այս ծրագիրը Արևելյան գործընկերության հանրային կառավարման արդյունավետության բարձրացման և կատարելագործման ժամանակակից միտումներով, առաջադեմ գիտելիքների և փորձի փոխանակման հաջողված հարթակ է: «Այս ծրագիրը նպաստել է և շարունակում է նպաստել մեր երկրում կառավարման համակարգի բարեփոխումներին: Բարեփոխումներ իրականացնելու մեր վճռականությունը բխում է պետական մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման, մարդկային ռեսուրսների կառավարումը պետության ռազմավարական նպատակներին առավել համապատասխանեցնելու, հաշվետվողականության, թափանցիկության, պրոֆեսիոնալիզմի և այլ առաջնահերթություններից», - նշել է Մանվել Բադալյանը:
Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի գործադիր տնօրեն Անելի Թեմեսը իր գոհունակությունն է հայտնել հայաստանյան գործընկերներին արդյունավետ և շարունակական համագործակցության համար՝ ընդգծելով, որ հանրային առաջնորդության և մարդկային ռեսուրսների զարգացումը առանցքային բաղադրիչ է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և բարձր ֆունկցիոնալությամբ հանրային վարչարարություն կառուցելու համար:
Աշխատաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ՀՀ ՔԾԽ, Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի (HAUS) ներկայացուցիչներ, որին հաջորդել է քննարկում ոլորտում նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ:

Տեսահաշվետվություններ

Լուսանկարներ