Print

ՔԾԽ նախագահը հանդիպեց PADOS ծրագրի շրջանակներում Հայաստան այցելած ֆին գործընկերներին


2018 թվականի մարտի 6-ին ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի տնօրեն, PADOS ծրագրի ղեկավար Անելի Թեմեսին և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարության ֆինանսական խորհրդատու Արի Հոլոպայնենին: Հանդիպման նպատակն էր PADOS II ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվող միջոցառման և համագործակցության հետագա քայլերի քննարկումը:
Հանդիպման ընթացքում Խորհրդի նախագահը հակիրճ ներկայացրեց Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի ձևավորման, կայացման և զարգացման փուլերը՝ ընդգծելով, որ այդ ողջ ընթացքում Խորհուրդը մշտապես համագործակցել է միջազգային գործընկերների հետ, ուսումնասիրել և տեղայնացրել միջազգային լավագույն փորձը:
Անելի Թեմեսն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող PADOS ծրագրի շրջանակներում ԱրԳ երկրների հետ համագործակցությունն իրականացվում է ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով, և Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը միշտ էլ շատ ակտիվ ու արդյունավետ է եղել Խորհրդի գործադրած ջանքերի և գործուն աջակցության շնորհիվ:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը և ջանքեր գործադրել գործընկերությունն ավելի խորացնելու ու համագործակցության նոր ձևաչափեր փորձարկելու և ներդնելու ուղղությամբ:
2018 թվականի մարտի 7-ին ՀՀ ՔԾԽ, ՀՀ ֆինանսների նախարարության և Հանրային կառավարման ֆիննական ինստիտուտի համատեղ ջանքերով կազմակերպվում է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ֆիննական առաջադեմ փորձի ներկայացմանն ու քննարկմանը նվիրված աշխատաժողով: