Print

Մենք այսօր արմատական բարեփոխումների փուլում ենք« և վստահ եմ« որ այս գործընթացն արդյունավետ է լինելու համակարգի համար


Հունվարի 15-ին ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի 16-ամյակի առթիվ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում հյուրընկալվել էին մի շարք պետական մարմինների աշխատակազմերի ղեկավարներ: ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շնորհավորեց նրանց համակարգի տարեդարձի առթիվ, շնորհակալություն հայտնեց համակարգի կայացման գործում ունեցած ներդրման համար և մաղթեց, որ նրանք հաջողակ լինեն բոլոր նախաձեռնություններում:

«Ուրախ եմ, որ ձեր շարքերում կան մարդիկ, որոնք պաշտոնավարում են համակարգի ստեղծման առաջին իսկ օրերից: 16 տարվա ճանապարհը մենք անցել ենք միասին, առանց լուրջ կորուստների և, չնայած որոշ թերությունների, այսօր ունենք քաղաքացիական ծառայության կայացած համակարգ: Մենք այսօր արմատական բարեփոխումների փուլում ենք, և վստահ եմ, որ այս գործընթացն արդյունավետ է լինելու համակարգի համար: Այս փուլը բարեհաջող ավարտելուց հետո քաղծառայության համակարգն իր ճանապարհը կշարունակի ավելի լայն շրջանակով, մարմիններին վերապահվող ավելի մեծ լիազորություններով ու իրավասություններով, բայց նաև՝ ավելի մեծ պատասխանատվությամբ ու պարտավորություններով: Ես միշտ հպարտությամբ ասել եմ, որ մենք ունենք աշխատակազմերի ղեկավարներ և այլ պաշտոնյաներ, որոնց պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ փոխվել է տվյալ մարմնի ղեկավարությունը: Դա խոսում է նրանց պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության մասին»:

Քանի որ օրը տոնական էր, խնդիրներն ու անելիքները որոշեցին քննարկել հետագա հանդիպումների ընթացքում, մանավանդ որ նրանց հաճելի անակնկալ էր սպասում. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը քաղաքացիական ծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների, բարեխիղճ աշխատանքի և նվիրումի համար պատվոգրեր հանձնեց ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտ Ազարյանին, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սամվել Յազերյանին, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանին, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանին, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Գևորգյանին, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի ղեկավար Վահագն Հարությունյանին, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գևորգյանին, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանին, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար Արաիկ Հայրապետյանին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանին:

 

Լուսանկարներ

2018 թվականի հունվարի 15-ին՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի տասնվեցամյակի օրը, ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը պատվոգրեր հանձնեց մի շարք  պետական մարմինների բարձրաստիճան քաղաքացիական ծառայողներին՝ շնորհակալություն հայտնելով երկար տարիների բարեխիղճ աշխատանքի և նվիրման, քաղաքացիական ծառայության ոլորտում ցուցաբերած մասնագիտական բարձր որակների և Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կայացման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: