Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բրյուսել և Վարշավա


Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի շրջանակներում գտնվում էր Բրյուսելում, այնուհետև` Վարշավայում: Այցերի նպատակն էր ծանոթանալ քաղաքացիական ծառայության ոլորտում մարդկային ռեսուրսների կառավարման, մասնավորապես հավաքագրման և ընտրության, մասնագիտական զարգացման և կատարելագործման բելգիական և լեհական լավագույն փորձին:
Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Բելգիայի Դաշնային կառավարման համալրման և վերապատրաստման ինստիտուտների (SELOR/TIFA), Լեհաստանի Հանրապետության վարչապետի գրասենյակի, Քաղաքացիական ծառայության վարչության և Հանրային կառավարման դպրոցի (KSAP) ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են բելգիական և լեհական քաղաքացիական ծառայության համակարգերում կիրառվող վերապատրաստման և ուսուցման նորարարական մեթոդները, կարիքների գնահատման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, կարիերայի պլանավորման, պաշտոնների դասակարգման և առաջխաղացման, շարժունության առանձնահատկությունները: Պատվիրակությունը ծանոթացել է նաև քաղաքացիական ծառայողների աշխատանքային պայմաններին, նրանց գործունեության արդյունավետության խթանման նորարարական եղանակներին:
Լեհաստանի Քաղաքացիական ծառայության վարչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի առանձնահատկությունները և մարդկային ռեսուրսների կառավարման գործիքակազմը: Նա նշել է, որ բելգիական և լեհական փորձը Հայաստանի համար հետաքրքրական է հատկապես մեր երկրում մեկնարկած համակարգային բարեփոխումների համատեքստում՝ քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական սկզբունքներին ու չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակային և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից:
Լեհաստանի Քաղաքացիական ծառայության վարչության ղեկավար Դոբրոսլավ Դովյաթ-Ուրբանսկին ընդգծել է, որ Լեհաստանը 2011 թվականից սերտորեն համագործակցում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում, որի արդյունքում Երևանում և Վարշավայում կազմակերպվել են մի շարք համատեղ միջոցառումներ:
Հանդիպման ժամանակ պատվիրակությանը ուղեկցում էր Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը: