Print

Քաղծառայության օրենսդրության կիրարկման կարողությունների զարգացմանն ուղղված երկօրյա աշխատաժողով Երևանում


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը Վրաստանի քաղաքացիական ծառայության բյուրոյի հետ համատեղ ԵՄ Արևելյան գործընկերության Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի ներքո նոյեմբերի 16-17-ին Երևանում անցկացրեց «Քաղաքացիական ծառայության օրենսդրության կիրարկման կարողությունների զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողով։
Միջոցառման նպատակն էր ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքացիական ծառայության ոլորտի պատասխանատուների հետ քննարկել քաղաքացիական ծառայության օրենսդրության պատշաճ կիրարկման և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման ոլորտում եվրոպական հաջողված փորձը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող առանցքային մի շարք հարցեր:
Աշխատաժողովին մասնակցեց ավելի քան 80 ներկայացուցիչ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Լեհաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի քաղաքացիական ծառայության համակարգող մարմիններից և այլք:
Միջոցառման ընթացքում մասնակիցները ներկայացրին տեսահաշվետվություններ և հանդես եկան զեկույցներով, որոնք նվիրված էին քաղաքացիական ծառայության ոլորտին առնչվող մի շարք հարցերի՝ բարեփոխումների ընթացակարգին, մարդկային ռեսուրսների ստորաբաժանումների կարողությունների զարգացմանը, վերապատրաստման համակարգի բարեփոխումներին, համալրմանը, էլեկտրոնային կառավարմանը և այլն։
Վերապատրաստման ավարտին ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը միջոցառման մասնակիցներին հանձնեց համապատասխան հավաստագրեր և համոզմունք հայտնեց, որ ԱրԳ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։

Լուսանկարներ

Տեսահաշվետվություններ