Print

Հայաստանում մեկնարկեց «Կանայք և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագիրը


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի, ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում գործարկվեց «Կանայք և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները» (WIFI) ծրագիրը, որի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում կազմակերպված միջոցառմամբ:
WIFI ծրագիրն ուղղված է Հայաստանում քաղաքականություն մշակողների և կին ձեռներեցների կարողությունների զարգացմանը: Ծրագրի հիմնական նպատակներն են կատարելագործել առանցքային շահառուների՝ պետական պաշտոնյաների, վերապատրաստող հաստատությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և կին ձեռներեցների ՏՀՏ հմտությունները, մեծացնել կանանց ընդգրկվածությունը որոշումների կայացման գործընթացում:
2017թ. սեպտեմբերի 26-28-ին ՀՀ ՔԾԽ-ն կազմակերպել էր WIFI ծրագրի վերապատրաստողների վերապատրաստման եռօրյա դասընթաց, որին մասնակցել են մոտ յոթ տասնյակ քաղաքացիական ծառայողներ, քաղծառայողների վերապատրաստման հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և կին ձեռներեցներ Հայաստանի տարբեր մարզերից։
WIFI ծրագրի ազգային մեկնարկն ազդարարող միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ նշելով, որ ներկայումս քաղաքացիական ծառայության համակարգում ընթացող բարեփոխումները միտված են քաղաքացիական ծառայության արդյունավետության, քաղաքացիական ծառայողների պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը և վերապատրաստման համակարգի կատարելագործմանը: Այս համատեքստում Բադալյանը կարևորեց միջազգային լավագույն փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը Հայաստանում, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող ծրագրերով վերապատրաստումների իրականացումը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ Ա. Միրզախանյանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Հայաստանը վեցերորդ երկիրն է, որտեղ ներդրվեց WIFI ծրագիրը: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի հետ սերտորեն համագործակցում է` սկսած 2015 թվականից: