Print

Մեկնարկեց «Կանայք և ՏՀՏ» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման եռօրյա դասընթացը


2017 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Միացյալ ազգերի կազմակերպության Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված «Կանայք և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագրի հիման վրա վերապատրաստողների վերապատրաստումը։ Ծրագիրը նպատակ ունի խթանելու կանանց ձեռներեցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՏՀՏ կարողությունների զարգացման միջոցով:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են մոտ չորս տասնյակ քաղաքացիական ծառայողներ, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման հաստատությունների ներկայացուցիչներ և մոտ երեք տասնյակ կին ձեռներեցներ Հայաստանի տարբեր մարզերից և մայրաքաղաքից։ Եռօրյա դասընթացի արդյունքում կներկայացվեն հատուկ քաղաքականություն մշակողների և կին ձեռներեցների համար նախատեսված մոդուլները, որոնք կդասավանդեն մոդուլի հեղինակները։
«Կանայք և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագրի բացմանը խոսքով հանդես եկավ ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը՝ ողջունելով վերապատրաստման մասնակիցներին։ Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ վերջիններիս համար ծրագիրը կլինի բովանդակալից, հետաքրքիր և կնպաստի նրանց կարողությունների հետագա զարգացմանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը, իսկ ծրագրի փորձագետ Ռոբերտ դե Ջեսուսը ներկայացրեց համառոտ տեղեկատվություն Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի և դրա կողմից իրականացվող գործունեության հիմնական ուղղությունների մասին։

2017 թվականի սեպտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա Հայաստանում «Կանայք և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները» ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ և վերապատրաստման մասնակիցները, որոնց կհանձնվեն համապատասխան հավաստագրեր։