Print

ՀՀ ՔԾԽ պատվիրակության այցն Օդեսա


Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության ղեկավարի հրավերով 2017 թվականի սեպտեմբերի 20-22-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Ուկրաինայի Օդեսա քաղաքում՝ մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության Ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում և կայունություն բազմակողմ հարթակի Հանրային կառավարման բարեփոխումներ պանելի շրջանակում Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության և Ուկրաինայի Հանրային կառավարման ազգային ակադեմիայի հետ համատեղ կազմակերպված «Քաղաքացիական ծառայողների մասնագիտական կատարելագործում և վերապատրաստում. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով 9-րդ ամենամյա Ռիշելյե ակադեմիական ընթերցումներին։
Միջոցառման ընթացքում քննարկվեցին ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների մասնագիտական կատարելագործման և վերապատրաստման համակարգի բարեփոխման և արդիականացման հիմնախնդիրներն ու մեթոդները՝ հանրային կառավարման և քաղաքացիական ծառայության արդի պահանջների համատեքստում։
Միջոցառմանը մասնակցում էին ԵՄ անդամ և Արևելյան գործընկերության երկրների հանրային կառավարման մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, միջազգային կազմակերպությունների փորձագետներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք իրականացնում են մասնագիտական վերապատրաստում՝ «Հանրային կառավարում և ղեկավարում» մագիստրոսի աստիճանի համար, պետական մարմինների աշխատողների համար վերապատրաստումներ իրականացնող կենտրոնների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված էին Խորհրդի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն իր ելույթում ներկայացրեց Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը քաղաքացիական ծառայության համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ, մասնավորապես անդրադարձավ վերապատրաստման կարիքների գնահատման համակարգված մեխանիզմի և մեթոդաբանության մշակմանը և փորձարկմանը։ Նա կարևորեց առկա հիմնախնդիրների, մարտահրավերների մասին բաց և անկեղծ քննարկումը, համաշխարհային և հատկապես գործընկեր երկրների փորձի ուսումնասիրումը և արդյունքների համեմատական վերլուծությունը։
Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդի նախագահը հանդիպում ունեցավ նաև Օդեսայի հայ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի հետ։