Print

ՀՀ ՔԾԽ ներկայացուցիչը մասնակցել է կարողությունների զարգացման բիշքեկյան աշխատաժողովներին


ՄԱԿ-ի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման վերապատրաստման կենտրոնի (UN APCICT/ESCAP), Ղրղզստանի Հանրապետության նախագահի հովանու ներքո գործող Հանրային կառավարման ակադեմիայի (APAPKR) և Կենտրոնական Ասիայի հետազոտական և կրթական ցանցի (CAREN) նախաձեռնությամբ Բիշքեկում կայացել է «WIFI վերապատրաստողների վերապատրաստում ՏՀՏ գործարար կանանց համար» և «Գործարար կանանց համար քաղաքական միջավայրի բարելավում» թեմաներով ԱՊՀ ենթատարածաշրջանային աշխատաժողովը և Ղրղզստանում Կանանց և ՏՀՏ ոլորտի նախաձեռնության (WIFI) պաշտոնական մեկնարկին նվիրված համաժողովը, որոնց մասնակցել է նաև ՀՀ ՔԾԽ աշխատակազմի զարգացման ծրագրերի և մասնագիտական կատարելագործման վարչության պետը:
Աշխատաժողովներին, որոնց մասնակցում էին ԱՊՀ երկրների պետական պաշտոնյաներ, վերապատրաստող հաստատությունների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության պատվիրակներ, ներկայացվել է WIFI ծրագիրը և գործարար կանանց ՏՀՏ կարողությունների զարգացման կարևորությունը, ապա քննարկվել են ՏՀՏ ոլորտում գործարար կանանց դերակատարությանը, նրանց համար քաղաքական միջավայրի բարելավմանը վերաբերող հիմնախնդիրները, միջազգային պրակտիկան և լավագույն փորձը:
Մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացման և WIFI ծրագրի իրականացմանն աջակցելու համար ՀՀ ՔԾԽ աշխատակազմի ներկայացուցիչ Ռ. Խաչատրյանը ՄԱԿ-ի ասիական և խաղաղօվկիանոսյան երկրների տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման և վերապատրաստման կենտրոնի կողմից արժանացել է հատուկ մրցանակի:
Սույն վերապատրաստման կենտրոնի տնօրեն Հ. Ս. Ռիի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում անցկացնելու «ՏՀՏ հիմունքների ակադեմիական մոդուլներ՝ պետական պաշտոնյաների համար» և «Կանանց և ՏՀՏ ոլորտի նախաձեռնություն (WIFI)» վերապատրաստողների վերապատրաստումներ, ինչպես նաև աշնանը Երևանում կազմակերպելու Հայաստանում վերոնշյալ ծրագրերի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումներ:

 

1

2