Print

Քննարկվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ քաղաքացիական ծառայությունում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները


Մայիսի 3-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունել է Համաշխարհային բանկի՝ Հայաստանի Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման և արդյունքների վերաբերյալ հաշվետվության պատրաստման առաքելության խմբին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ծրագրի 2-րդ փուլի՝ քաղաքացիական ծառայության բաղադրիչի մասով իրականացված բարեփոխումների ազդեցությունն ու արդյունքները։
Մասնավորապես Ծրագրի 2-րդ փուլի շրջանակում մշակվել են քաղաքացիական ծառայողների հեռավար ուսուցման համակարգի համապատասխան ծրագրային պլատֆորմը և վերապատրաստման 7 մոդուլ: Համակարգը 2016 թվականից հասանելի է քաղաքացիական ծառայողներին: Ըստ ՀՀ ՔԾԽ նախագահի՝ հեռավար ուսուցման հարթակով վերապատրաստման համակարգը թույլ է տալիս խնայել զգալի ռեսուրսներ, իսկ քաղաքացիական ծառայողներին հնարավորություն է ընձեռվում անգամ աշխատավայրից զբաղվելու ինքնակրթությամբ, զարգացնելու ու կատարելագործելու համապատասխան կառավարչական և մասնագիտական հմտություններ:
Ծրագրի շրջանակում արդիականացվել է քաղաքացիական ծառայության համակարգում գործարկվող Մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական էլեկտրոնային համակարգը, որը թույլ է տվել զգալիորեն արագացնել տարբեր ծառայությունների, մարմինների միջև տեղեկատվության և փաստաթղթերի շրջանառությունն ու կառավարման արդյունավետությունը:
Ծրագրի շրջանակում նաև ՀՀ Կառավարության ջանքերով աշխատանքներ են իրականացվում քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և այն ծառայողների շահադրդման գործիք դարձնելու ուղղությամբ: Փորձնական կիրառումից և դրա ընթացքում ի հայտ եկող խնդիրների շտկումից հետո գնահատման նորացված համակարգը կսկսի կիրառվել պետական կառավարման համակարգում:
Հանդիպման ժամանակ շոշափվեց նաև Հայաստանում կատարված սահմանադրական փոփոխությունով և խորհրդարանական կառավարման համակարգին անցմամբ պայմանավորված՝ հանրային ծառայության ոլորտում նախատեսվող խորքային բարեփոխումների թեման, դրա շրջանակներում՝ քաղաքացիական ծառայության ռազմավարական զարգացման հեռանկարները:
Շնորհակալություն հայտնելով ՀԲ-ի կողմից քաղաքացիական ծառայության համակարգի արդիականացմանը ցուցաբերվող նյութատեխնիկական, մեթոդական և ծրագրային աջակցության համար՝ Մ. Բադալյանը նշեց, որ ՀԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը մեծապես նպաստել են քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանը և կայացմանը:
Երկուստեք գոհունակություն արտահայտվեց ծավալվող համագործակցության կապակցությամբ: