Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և ԱՄՆ Հանրային կառավարման ազգային ակադեմիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի (ՔԾԽ) և ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավաստագրված, ԱՄՆ Կոլումբիայի վարչական շրջանի օրենքներով գործող Հանրային կառավարման ազգային ակադեմիայի միջև ստորագրվել է համագործակցության փոխըմբռնման հուշագիր: Այն ուղղված է քաղաքացիական ծառայության կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, թափանցիկության և հաշվետվողականության միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու շրջանակում քաղաքացիական ծառայողների թիրախային վերապատրաստումների իրականացմանը, կատարողականի գնահատման գործիքների և վերապատրաստման նյութերի մշակմանն ու կատարելագործմանը, հակակոռուպցիոն չափորոշիչների կիրառման և վերահսկման իրավական շրջանակի առավել հստակեցմանը:
Համապատասխան այս սկզբունքներին՝ քայլեր կձեռնարկվեն ՀՀ ՔԾԽ-ի կողմից ներկայացվելիք առաջարկությունների իրականացման ուղղությամբ: Նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր՝ կապված քաղաքացիական ծառայության բարեվարքության սկզբունքների ամրապնդման, ծառայողների հակակոռուպցիոն ընկալման խորացման, որակավորման բարձրացման, վերապատրաստման գնահատման, բարձր որակավորմամբ և մոտիվացմամբ, անձնական բացառիկ բարոյական նկարագիր ունեցող դիմորդներին մասնագիտական պաշտոններում ներգրավման մեխանիզմների մշակման հետ: Ակադեմիան օժանդակություն կցուցաբերի նաև կոռուպցիան առավել սահմանափակելուն միտված՝ քաղաքացիական ծառայության օրենսդրության ուժեղացման նախաձեռնություններին:
Հուշագիրը, որը գործողության կոնկրետ ժամկետներով սահմանափակված չէ, Վաշինգտոնում ստորագրել են ԱՄՆ Հանրային կառավարման ակադեմիայի նախագահ, գլխավոր տնօրեն Թերեսա Վ. Գերթնը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի կողմից լիազորված՝ ՀՀ ՔԾԽ անդամ Վաչե Քալաշյանը: