Print

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել

 

Մարտի 14-ից 16-ը Եվրոպական հանձնաժողովի, Բելգիայի Դաշնային կառավարման վերապատրաստման ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համագործակցությամբ Եվրոպական հարևանության և գործընկերության Թայեքս գործիքի ներքո Բրյուսելում էր գտնվում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի ղեկավարած պատվիրակությունը: Այցի նպատակն էր ԵՄ լավագույն փորձի ուսումնասիրման շրջանակներում ծանոթանալ քաղաքացիական ծառայության ոլորտում հավաքագրման և ընտրության, մասնագիտական զարգացման և կատարելագործման բելգիական ինստիտուցիոնալ կառուցակարգերին:
Մարդկային ռեսուրսների կառավարման և վերապատրաստման համար պատասխանատու պետական հաստատություններ՝ Բելգիայի քաղաքացիական ծառայության համալրման գործակալություն (SELOR) և Բելգիայի Դաշնային կառավարման վերապատրաստման ինստիտուտ (TIFA) այցելությունների և այնտեղ կայացած հանդիպումների միջոցով ուսումնասիրվել են բելգիական համակարգի վերապատրաստման և ուսուցման նորարարական մեթոդները, դրանց կառավարման, կարիքների գնահատման, առցանց ուսուցման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, կարիերայի պլանավորման, պաշտոնների դասակարգման և առաջխաղացման, շարժունության առանձնահատկությունները: Պատվիրակությունը ծանոթացել է նաև քաղաքացիական ծառայողների աշխատանքային պայմաններին, գործունեության արդյունավետության խթանման նորարարական եղանակներին:
Բելգիայի քաղաքացիական ծառայության համալրման գործակալության ղեկավար Կոեն Վերլինդենի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը նեկայացրել է Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի շրջանակն ու առանձնահատկությունները, մարդկային ռեսուրսների կառավարման գործիքակազմը: Նա նշել է, որ բելգիական փորձը Հայաստանի համար հետաքրքրական է հատկապես մեր երկրում մեկնարկած համակարգային բարեփոխումներում քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական սկզբունքներին ու չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակային և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից: Կողմերը քննարկել են Բելգիայի և Հայաստանի քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմինների գործակցության ծավալման հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստորագրելու համագործակցության փոխըմբռնման հուշագիր: