Print

ՀՀ ՔԾԽ ներկայացուցիչը՝ հրաձգության մրցապայքարի երրորդ մրցանակակիր

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Աննա Գրիգորյանն այս տարվա փետրվարի 23-24-ին անցկացված ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցումներին կանանց անհատական մրցապայքարում դարձել է երրորդ մրցանակակիր:
Փետրվարի 27-ին կայացած մրցումների արդյունքների ամփոփումից հետո մրցանակակիրների պարգևատրման արարողության ժամանակ մեր գործընկերն արժանացել է մեդալի և հավաստագրի, ստացել գավաթ և մարզահագուստ:
Մրցումներին, որն անցկացվել է հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն, մասնակցել է 33 պետական մարմինների շուրջ 200 աշխատակից:
Թիմային հաշվարկով առաջին տեղն զբաղեցրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության թիմը:
Կանանց անհատական հաշվարկով առաջին տեղն զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացնող Սոնա Գրիգորյանը, երկրորդը՝ Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակից Լիլիթ Թումանյանը:
Տղամարդկանց անհատական մրցապայքարում առաջին տեղն զբաղեցրել է Արտաշես Առաքելյանը (ՀՀ մշակույթի նախարարություն), երկրորդը՝ Արման Սաղաթելյանը (Հայաստանի հանրային ռադիո), երրորդը՝ Արշակ Մարտիրոսյանը (ՀՀ գլխավոր դատախազություն):
Մրցումների անցկացման նպատակն էր նպաստել հրաձգության նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, մարզաձևի մասսայականացմանը, ինչպես նաև զենքի ճիշտ օգտագործման, դրա հետ ճիշտ վարվելու և արագ կողմնորոշվելու ունակությունների բարձրացմանը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և աշխատակազմը սրտանց շնորհավորում են իրենց գործընկերոջը, ինչպես նաև մյուս մրցանակակիրներին, որոնց մեծ մասը քաղաքացիական ծառայողներ են: