Print

ՀՀ ՔԾԽ-ն և SIGMA-ն շարունակում են խորհրդակցություններ քաղաքացիական ծառայության բարեփոխումների շուրջ


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և Եվրոպական Միության ու ՏՀԶԿ (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի փորձագիտական խումբն աշխատանքային հերթական հանդիպումն անցկացրին: Նպատակն էր քննարկել Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների սկսված գործընթացի առաջնային հիմնահարցերը:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ համակարգային բարեփոխումները նոր փուլ են մտել՝ շոշափելով ինչպես քաղաքացիական ծառայության շրջանակի, այնպես էլ կառավարման մեխանիզմների վերանայման հեռանկարները: Նա փորձագետներին տեղեկացրեց, որ խնդիրը քննարկվել է ՀՀ Նախագահի մոտ, որի ընթացքում որոշակիացվել են բարեփոխումների հիմնական ուղենիշները, թիրախները և առաջնահերթությունները: «Կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կհամակարգի քաղաքացիական ծառայության նոր օրենքի մշակման գործընթացը՝ հաշվի առնելով սահմանադրական նոր կարգավորումների պահանջները, քաղաքացիական ծառայության տասնհինգամյա գործող համակարգի առավելություններն ու թերությունները: «Մեր խնդիրն է, պահպանելով ձեռքբերումները, գտնել այնպիսի նոր ճկուն լուծումներ, որոնք կբարձրացնեն պետական կառավարման համակարգի արդյունավետությունը և մարդկային ռեսուրսների կառավարման կառուցակարգերը կմոտեցնեն միջազգային սկզբունքներին, չափորոշիչներին»,- ասաց Մանվել Բադալյանը: Նա շնորհակալություն հայտնեց SIGMA-ի փորձագիտական խմբին՝ այս ընթացքում Խորհրդին ցուցաբերվող տեղեկատվական և մեթոդական աջակցության համար:
Փորձագիտական խմբի ղեկավար Վոյտեկ Զելինսկին կարևորեց բարեփոխումների իրականացման հարցում դրսևորվող հետևողականությունը, համակարգն ավելի ընդհանրական, արժանիքահեն դարձնելուն ուղղված նոր մոդելի մշակման ուղղությամբ սկսված գործընթացները: «Բարեփոխումը ոչ միայն մարտահրավեր է, այլ նաև զարգացման նոր հնարավորություն, մեկնարկ: Հայաստանում գործում է առանձնահատուկ համակարգ, որի առավելությունների և թերությունների հետ կապված SIGMA-ն հանդես է եկել վերլուծությամբ և առաջարկություններով: Հուսով ենք՝ սկսված գործընթացը կնպաստի առկա խնդիրների չեզոքացմանը»,- ասաց Վ. Զելինսկին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵՄ անդամ մի շարք երկրների, մասնավորապես Պորտուգալիայի, Լեհաստանի, Էստոնիայի հանրային ծառայության համակարգերում կատարված բարեփոխումների արդյունքները, արդյունավետությունը: Զուգահեռներ անցկացվեցին հայաստանյան առանձնահատկությունների հետ, ինչը ուղղված է բարեփոխումների հնարավոր ռիսկերի կանխատեսմանը, գործընթացի առավել անցնցում իրականացման նախադրյալների ստեղծմանը: