Print

Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը 15 տարեկան է


Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգը, 15 տարեկան են: 2002թ. հունվարի 9-ից ուժի մեջ մտավ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Դրա հիման վրա 2002թ. հունվարին ՀՀ Նախագահի համապատասխան հրամանագրերով նշանակումներ կատարվեցին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, տեղակալի և Խորհրդի 5 անդամների պաշտոններում: Այդպիսով ձևավորվեց Խորհրդի առաջին կազմը, և դրվեցին քաղաքացիական ծառայության միասնական կադրային քաղաքականությանն անցման հիմքերը:
Նույն տարվա ընթացքում Խորհուրդը ձևավորեց իր աշխատակազմը, մինչև տարեվերջ մշակեց ու ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող այն բոլոր իրավական ակտերը, որոնք, որոշ դեպքերում հայաստանյան կառավարման մշակույթի համար բնույթով լինելով նորարարական, ուղղված էին քաղաքացիական ծառայության համակարգի բնականոն գործունեությունն ապահովող կառուցակարգերի, ընթացակարգերի ներդրմանը:
Անցած 15 տարիներին Խորհրդի առաջնորդությամբ համակարգը ենթարկվել է լուրջ բարեփոխումների` ուղղված մի կողմից` քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը, համակարգի մասնագիտական ներուժի զարգացմանը, մյուս կողմից` հընթացս ի հայտ եկող կոռուպցիոն երևույթների վերացմանը: Քաղաքացիական ծառայության համակարգի ձևավորումը, շարունակական վերափոխումները լոկոմոտիվի դեր են կատարել և կատարում ամբողջական պետական ծառայության համակարգի բարեփոխումների համար:
Համակարգի ձևավորման 15-ամյակի կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր քաղաքացիական ծառայողներին: