Print

Կատարելագործվում է քաղաքացիական ծառայության համալրումը. ԵՄ աջակցությամբ աշխատաժողով՝ Երևանում


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ, TAIEX գործիքի ներքո, Երևանում անցկացվեց «Համալրման և ընտրության գործընթացը քաղաքացիական ծառայության համակարգում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։
Նպատակն էր ուսումնասիրել և քննարկել քաղաքացիական ծառայության ոլորտում համալրման և ընտրության եվրոպական փորձը՝ Հայաստանում մեկնարկած քաղաքացիական ծառայության բարեփոխումներին օժանդակություն ցուցաբերելու համատեքստում։ Բելգիայից, Լիտվայից և Պորտուգալիայից հրավիրված փորձագետները ներկայացրին իրենց երկրներում քաղաքացիական ծառայության համալրման, ընտրության ընթացակարգերն ու գործիքակազմերը՝ պաշտոնների գնահատման շրջանակում։ Ներկայացվեցին համալրման և ընտրության, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի գնահատման այն մոդելները, որոնք իրականացվող բարեփոխումների շրջանակներում ներդրվելու են Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգում։ Աշխատաժողովի ըթնացքում քննարկվեցին նաև քաղաքացիական ծառայողների մոտիվացիայի բարձրացման, աշխատակազմերի որակի բարելավման, քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի կառավարմանն առնչվող խնդիրներ։
Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից, Հայաստանում եվրոպական պատվիրակությունից, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերի ղեկավարներ, անձնակազմի կառավարման պատասխանատուներ, տեղական ու միջազգային փորձագետներ։
Միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն անդրադարձավ համակարգի զարգացման մարտահրավերներին, Հայաստանում սկսված քաղաքացիական ծառայության բարեփոխումների առաջնահերթություններին։ «Մենք համոզված ենք, որ ժողովրդավարական, կենսունակ և արդյունավետ պետության զարգացումը հնարավոր չէ առանց պրոֆեսիոնալ և արժանիքահեն բյուրոկրատիայի։ Բյուրոկրատիայի պրոֆեսիոնալիզմից, հակակոռուպցիոն կայունությունից, պետական կառավարման առջև ծառացած խնդիրների՝ ժամանակին և արդյունավետ լուծման կարողությունից, հանրային որակյալ ծառայություններ մատուցելու ունակությունից է կախված ոչ միայն շուկայական տնտեսության բնականոն գործարկումը, այլև հասարակության սոցիալական կայունությունը, քաղաքացիների օրինական շահերի ապահովումն ու պաշտպանությունը։ Իսկ դրա համար հարկավոր է արդիականացնել հանրային ծառայության բոլոր ճյուղերը, այդ թվում, առաջին հերթին, քաղաքացիական ծառայությունը»,- իր ելույթում նշեց պարոն Բադալյանը։ Նա արժևորեց բարեփոխումներին ԵՄ կողմից ցուցաբերվող նյութական, խորհրդատվական, մեթոդաբանական և տեղեկատվական աջակցությունը` հատկապես համակարգը եվրոպական սկզբունքներին համապատասխանեցնելու առումով։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին ողջունելով համաժողովի անցկացումը` նշեց, որ ԵՄ համար մշտապես առաջնային է մնում կայուն և ուժեղ քաղաքացիական ծառայության համակարգը: «Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է դառնալ հզոր և արդյունավետ պետություն: Քաղծառայությունն այդ հզոր պետության ողնաշարն է: Եվրամիությունն այսօր Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի համար տեսնում է երկու հիմնական մարտահրավեր: Առաջինը քաղաքացիական ծառայողի ու քաղաքական գործչի հստակ տարանջատումն է, որը կարևոր նախապայման է հաջողության հասնելու համար: Երկրորդը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այն քաղծառայությունը, որ մաքուր ձեռքեր ունի, կարող է որոշիչ գործոն լինել հաջողության հասնելու համար: Եվրամիությունը պատրաստ է սատարել Հայաստանին այս գործում»,- ասաց պարոն Սվիտալսկին:
Աշխատաժողովի բացման արարողության մասնակից` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն էլ հավելեց, որ վերջին տարիներին քաղաքացիական ծառայության ոլորտն ավելի ու ավելի է ներգրավվում Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգում։
Քաղաքացիական ծառայության մեկնարկած բարեփոխումների հիմնական տեսլականն է ստեղծել արժանիքահեն, արդար և թափանցիկ, բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովող, արհեստավարժ, հանրային կառավարման միջազգային չափանիշներին համապատասխանող քաղաքացիական ծառայություն: ՀՀ կառավարության կողմից 2015 թվականին ընդունված ռազմավարության հիման վրա մեկնարկած բարեփոխումները փուլ առ փուլ կիրականացվեն մինչև 2020 թվականը։